Խորության փնտրտուք։ Պատրիկ Զյուսքինդ

Շտուտգարտցի մի երիտասարդ կնոջ, ով նաև լավ էր նկարում, մի քննադատ, ոչ մի վատ բան նկատի չունենալով և ցանկանալով քաջալերել նրան նրա առաջին ցուցահանդեսին, ասաց.

— Դուք տաղանդավոր եք և այն, ինչ անում եք, շատ հաճելի է, սակայն դեռ բավարար խորություն չունեք։

Երիտասարդ կինը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ քննադատը և շուտով մոռացավ նրա ասածը։ Սակայն մեկ օր անց թերթում հայտնվեց նույն այդ քննադատի գրախոսականը, որում ասված էր. «Երիտասարդ նկարչուհին ահագին շնորհալի է և նրա աշխատանքներն առաջին հայացքից բավականին գրավիչ են։ Ցավոք, դրանք բավարար խորություն չունեն»։

Երիտասարդ կինը մտքերի մեջ ընկավ։ Նա սկսեց ավելի ուշադիր նայել իր նկարները և փորփրել իր հին թղթապանակները։ Նա վերանայեց իր բոլոր նկարները և նաև այն նկարները, որոնց վրա աշխատում էր այդ պահին։ Հետո պինդ ձգեց տուշի տարաների կափարիչները, մաքրեց գրիչները և դուրս եկավ մաքուր օդ շնչելու։

Շարունակել կարդալ

Մովսես Խորենացի Հայոց պատմություն | Գարկանություն

Երանելի Մեսրոպի մասին

Տեսնելով, որ Հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպն [աշխարհի] խռովություններն իր համբերության նյութ դարձրեց։ Նա Տարոնի Հացեկաց [գյուղից] էր, սնվել ու սովորել էր Մեծն Ներսեսի մոտ և նրա վախճանվելուց հետո արքունական դռանը քարտուղար էր նշանակվել։ Նա սիրեց մենակեցության վարքը, ինչպես ասել է մեկը, թե ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստը, իսկ ժուժկալող մարդը անապատ է փնտրում։ Այսպես էլ նա, աշխարհային զբաղմունքներից փախչելով, դեն գցելով մարմնական պատիվը, գնում էր երկնավորի հետևից։ Գնում է Գողթն գավառը և ապրում է մենակյացի կյանքով։ Այդտեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակ երևան եկավ, նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որի անունն էր Շաբիթ։ Այստեղ աստվածային նշաններ երևացին, ինչպես սուրբ Գրիգորի ժամանակ, մարմնավոր կերպարանքով դևերը հալածված ընկնում էին Մարաց կողմերը։ Սրանից ոչ պակաս բաներ արեց և Սյունյաց աշխարհում նրա Վաղինակ իշխանի օգնությամբ։

Շարունակել կարդալ

Համո Սահյան | Գրականություն

,,Քարափը,, բանաստեղծությունից դուրս գրեք պատկերավորությսն միջոցները։

Համո Սահյան
, Օրը Մթնեց՝ անգիր

Քարափը

Ծանր նստել է քարափը ձորում (անձնավորում),
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ճակատից քարե քրտիք (մակդիր) է ծորում,
Ուսից կախվում են մամուռ ու մորի։

Նստել է ձորում՝ երկինքը դեմքին (մակդիր),
Ծանր նստել (փոխաբերություն) է և ամեն մեկին
Իրեն արժանի պատիվն է տալիս.
Վայրի աղավնուն՝ հաճարը վայրի,
Մոլորված ամպին իր քիվն է տալիս ,
Խրտնած քարայծին (անձնավորում)՝ մութն իր քարայրի։
Հոգնած ճամփորդին պատիվ է անում,
Ցրտին՝ տաքության հոգեպահուստով (մակդիր),
Շոգին՝ ձյունահամ աղբյուրով (մակդիր) անուշ
Եվ իր ստվերի լայն առագաստով (մակդիր

Շարունակել կարդալ

Գրականություն

Համո Սահյան — Քարափը, Մասրենի, Անունդ տալիս,
Անտառում, Օրը Մթնեց՝ անգիր
Պարույր Սևակ -Անլռելի զանգակատուն, Վարք մեծաց, Եվ այր մի Մաշտոց անուն

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Շարունակել կարդալ

Իմ անունը։ Ռիչարդ Բրոթիգան

1․ Կարդա ստեղծագործությունը և շարունակիր՝ հարազատ մնալով ոճին և ասելիքին։

Կարծում եմ՝՝քեզ կհետաքրքրի, թե ով եմ ես, բայց ես  մեկն եմ, ով չունի սովորական անուն։ Իմ անունը կախված է քեզնից։ Անվանիր ինձ այնպես, ինչ կանցնի մտքովդ այդ պահին.
Երբ մտածում ես մի բանի մասին, որը վաղուց է եղել. ինչ-որ մեկը քեզ հարց տվեց, որի պատասխանը չունեիր։
Դա է իմ անունը։
Հավանաբար անձրևում էր շատ ուժեղ։
Դա իմ անունն է։
Կամ ինչ-որ մեկն ուզեց, որ մի բան անես։ Դու արեցիր։ Հետո նրանք ասացին, որ այն, ինչ արեցիր, սխալ էր.
-Կներես սխալի համար։
Եվ դու ստիպված էիր այլ բան անել։
Դա իմ անունն է։

Շարունակել կարդալ

Հովհաննես Երանյան | Երեք ամիս հետո

Գիշերը մտադրվել էր հանգստյան կիրակին քնել մինչև կեսօր:   Առաջին խանգարողն աղբի մեքենան էր, որի զնգզնգոցն արձագանքեց ուղեղում, գանգի պատերին զարկվելով ելք որոնեց, բայց չգտավ ու մագնիսի պես կպավ արկի բեկորին: Շանթված ցատկեց տեղից, փակեց պատուհանի բաց փեղկն ու թրմփալով կրկին անկողնու վրա ընկավ:  Մեքենան վաղուց հեռացել էր, բայց ձայնն ականջների մեջ դեռ տժժում էր, ցավն ասես դանակ էր, որ գլուխը փորձում էր երկու մասի  կիսել:  Հանեց շապիկն ու շատ պինդ ճակատին կապեց՝ ականջներն էլ թողնելով գործվածքի տակ: Հետո սկսեց մեդիտացիայի պես մտքում կրկնել.«Կանցնի, հիմա կամաց-կամաց կանցնի, ու դու կքնես, կքնես, կքնես…»:

Շարունակել կարդալ

Հովհաննես Երանյան | Բրուտի երկրորդ աշակերտը

Թեև հազար անգամ անցել էր այդ ճանապարհը, ու թեև աստիճանները լուսավորված էին, բայց այդ օրը Աննան շտապում էր բարձրանալ, քանի դեռ կիսամութ էր։ Ինչու կամ ուր էր շտապում, ինքն էլ չգիտեր։ Կասկադի աստիճանները մինչև վերջ չբարձրացած՝ կթեքվեր աջ, ու նեղ արահետով կգնար դեպի Մատենադարան, որին չհասած իր հին ու փոքր տունն էր։ Բաժանվելիս Անդրեին խնդրեց, որ իրեն թողնի այն։ Երբ ասաց, թե կհրաժարվի ունեցվածքը կիսելուց, նյութական որևէ այլ պահանջից, միայն թե բարձունքին, նման տների միջև թառած մեկ ընդարձակ ու երկու նեղլիկ սենյակներով տունն իրեն թողնի, ամուսինը միայն քմծիծաղեց։ Հիմա` Սուրբ Ծննդյան տոնին նախորդող այդ օրը, ուզում էր շուտ հասնել, նստել հարազատ կիսաթոռին, գործի գցել չարխը, ձեռքերը խրել թաց կավի մեջ ու անշարժանալ։ Ոչինչ չծեփել, լսել ու լսել պտտվող անիվի ներդաշնակ ձայնը։ Անշարժ լսել այնքան, մինչև որ կջնջվեին մնացած բոլոր ձայները՝ աղմուկն ու ազդանշանները, գոռոցներն ու շշունջները, հոգոցներն ու տնքոցները, լացն ու ծիծաղը, օրհնանքն ու անեծքը և երաժշտությունը՝ իր բոլոր հնչյուններով։ Առաջ սիրում էր աշխատելիս ցածր երաժտություն միացնել։ Բայց հետո հրաժարվեց այդ սովորությունից, որովհետև նրան թվաց, թե սափորի կամ թասի կավն իր մեջ է առնում, ներծծում երաժշտության հնչյունները, ծորուն կամ կտրուկ ելևէջներով մեղեդին իր ձևն է թելադրում։ Նա չէր ուզում ինչ-որ մեկին համահեղինակ դարձնել։ Իսկ դուրգի պտույտի պարբերական, համաչափ կտտոցները իմաստ ու հույզ չէին ծնում, անմեղ էին, անհավակնոտ։

Շարունակել կարդալ

Հովհաննես Երանյան | Մառախուղը

Պատմվածքը շատ հետաքրքիր էր, անյ եզակի գործերից էր, որ շնչակտուր սպասում ես ավարտին չնկատելով ծավալը։ Ընթերցելիս ակամա հիշեցի Հարուկի Մուրակամիի պատմվածքները, ոճը շատ նման էր։ Ինքս շատ եմ սիրում նաման ժանրի ստեղծագործություններ։

Մառախուղն արդեն մեկ շաբաթ տիրում էր քաղաքին: Գիշեր, թե ցերեկ, հատուկենտ մեքենաները դժվարությամբ էին շարժվում, ամենաուժեղ լուսարձակներն անգամ չէին թափանցում մուժի պատից այն կողմ:
Երվանդն արդեն երեք օր հետաձգում էր ավանդական, ամենամյա այցը: Տասնմեկ տարվա մեջ առաջին անգամ էր, որ սիրտ չարեց տնից դուրս գալ, մտածեց մեկ օր շուտ կամ ուշ, ծնողների հոգիները չեն նեղանա:
Եղանակը կանխատեսողները հայտարարել էին, որ անհաղթահարելի, սրտմաշուկ մուժը մեկ օրից չի լինի, սակայն կաթնագույն շամանդաղն արդեն յոթ օր էր, որ գիշերով ներխուժել էր, գրավել քաղաքն ու թշնամու զորքի պես իր լուծը հաստատել փողոցներին, մայթերին ու մարդկանց սրտերի վրա:

Շարունակել կարդալ

Քարտը։ Մարսել Էմե

Դրվագներ Ժյուլ Ֆլեգմոնի օրագրից

10-ը փետրվարի-Թաղամասում անհեթեթ լուրեր են պտտվում նոր խստությունների շուրջ: Սովին դիմագրավելու և բնակչության աշխատավոր տարրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իբրև թե որոշում է ընդունվելու մահապատժի ենթարկել անարդյունավետ սպառողներին՝ ծերունիներին, թոշակառուներին, ռանտիեներին, գործազուրկներին և մյուս ավելորդ բերաններին:
Սրտիս խորքում համարում եմ, որ այդ որոշումը բավականին արդարացի կլինի: Քիչ առաջ դռանս դիմաց հանդիպեցի հարևանիս՝ Ռոկատնոնին, յոթանասունամյա այդ ժիր ծերունուն, որն անցյալ տարի ամուսնացել էր քսանչորս տարեկան մի ջահել կնոջ հետ: Նա զայրույթից խեղդվում էր: «Ի՞նչ կապ ունի տարիքը,- բացականչում էր նա,- եթե ես երջանկություն եմ պարգևում իմ հրաշագեղ տիկինին»: Վեհաշունչ խոսքերով խորհուրդ տվեցի խանդավառությամբ ընդունել իր անձի զոհաբերությունը հանուն ընդհանուրի բարօրության:

Շարունակել կարդալ